Գյումրիում երիտասարդների նախաձեռնությամբ նշվեց Բարեկենդանը

18:57, 26 Փետրվար, 2017

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գյումրիում երիտասարդների նախաձեռնությամբ նշվեց Բարեկենդանը: 

Պահքից  առաջ խրախուսվում է մի լավ զվարճանալը։: Վերջին  տարիներին փորձ  է արվում վերականգնել Բարեկենդանը՝  հայկական ժողովրդական ամենասիրելի տոներից մեկը, որից ժողովուրդը զրկվել էր  խորհրդային տարիներին:

Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ` ի հետևություն Եղիային ուղղված հրեշտակի խոսքի. «Ելիր, կեր, որովհետև երկար ճանապարհ ես գնալու» (Թագ. 19:7)՝ այս խորհրդով էլ կազմակերպված էր տոնակատարությունը, որի  հիմնական նախաձեռնողը «Թումո Գյումրի»-ն էր: Դիմակների ու տիկնիկների պատրաստման գործում թումոյականներին աջակցել էր Գյումրիի Գեղագիտության ազգային կենտրոնը՝  ղեկավար Սուսաննա Մկրտչյանի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մինչ թատերական հրապարակում բոլորին պարի հրավիրեց ու իր պարային  համարները ներկայացրեց «Հրայրք» ավանդական պարի խումբը,  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրմատիկական թատրոնում ելույթ ունեցան «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի «Թմբաթա»  խումբն ու  Արիկ Բամբիռը:  Երգ ու պար, խաղեր անցկացվեցին Թատերական հրապարակում՝ տոնական տրամադրություն սփռելով ամենուր:

«Թումո Գյումրի»-ի պատանիները պատրաստել էին  թեմատիկ տիկնիկներ ու դիմակներ։  Տիկնիկներ ու դիմակներ պատրաստվում էին նաև տեղում: Անցկացվեցին խաղեր:  Տեղում կազմակերպվել էր նաև հյուրասիրություն:

Միջոցառման մասնակիցները վստահեցրին՝ այս Բարեկենդանը երկար կհիշեն:


Արմենուհի Մխոյան 

 

 


© 2009 ARMENPRESS.am