ՀՀ-ԵՄ համաձայնագրով Հայաստանում մեծ առաջընթաց կգրանցվի քաղաքական և տնտեսական ոլորտներում

19:04, 2 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը կարող է նպաստել մեկ այլ գործընթացի՝ դեպի վիզայի ազատականացման ռեժիմի անցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց, որ եթե ստորագրվի այս համաձայնագիրը, մինչև նոյեմբերին կայանալիք արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովը, երկիրը մեծ առաջընթաց կունենա քաղաքական և տնտեսական ոլորտներում։ 

«Այս համաձայնագիրն ասոցացման պայմանագրի ավելի թեթև տարբերակն է, և մենք ունենք անհամեմատ ավելի լուրջ իրավական, քաղաքական, տնտեսական շրջանակներ»,- նշեց Մինասյանն ու հավելեց, որ այն փաստաթուղթը, որը Հայաստանն ունի՝ առավելագույնն է, ինչ կարող էր ստանալ և՛ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով, և՛ հաշվի առնելով շարունակվող հակասությունները Եվրամիության և Ռուսաստանի միջև։ 

Քաղաքագետը, խոսելով առանց վիզայի ռեժիմի մասին, հիշատակեց, որ Բրյուսելի կողմից արդեն կան դրական մեսիջներ և Հայաստանը ունի բավականին լուրջ կատարված աշխատանք։ 

Բանախոսի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության քաղաքական և տնտեսական համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում մեզ համար, բայց որպես դաշնակից ռազմական կամ ռազմաքաղաքական առումով դժվար թե հնարավոր լինի որևէ հույս ունենալ Եվրամիության հետ կապված։ 


© 2009 ARMENPRESS.am