Սերգեյ Մինասյանը տարածաշրջանային անվտանգության համատեքստում հաջողված է համարում ՀՀ նախագահի այցը Մոսկվա

12:09, 16 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը գնահատում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ մարտի 14-ին Մոսկվա կատարած այցը որպես կարեւոր եւ հաջողված այց տարածաշրջանային անվտանգության եւ տեղի ունեցող ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում: «Որպես ձեռքբերում ես կառանձնացնեմ համատեղ արած հայտարարությունը, որում հատկապես նշվեց  երկկողմ համագործակցության շարունակականության, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման մասին: Կարծում եմ՝ դա բացառապես Հայաստանի անվտանգությանը չէ, որ առնչվում է, քանի որ նշվեց միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւորության մասին, եւ դա, ըստ իս,  վերաբերում է ընդհանուր տարածաշրջանին, ինչպես նաեւ Արցախի խնդրին: Վերլուծաբանների աչքից չվրիպեց նաեւ այն հանգամանքը, որ Պուտինն առանձնահատուկ անդրադարձ կատարեց առաջիկա ընտրություններին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ ոչ պակաս կարեւոր էր ոչ միայն այն, ինչ ասվեց, այլեւ այն, ինչի մասին չխոսվեց: «Օրինակ՝ որեւէ բացասական անդրադարձ Հայաստան-ԵՄ հարաբերություններին մենք  չտեսանք:  Հատկանշական էր նաեւ այն, որ երկու նախագահների մակարդակով նշվեց, որ կողմերը միանշանակ ջանքեր են գործադրելու Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կատարելու ուղղությամբ»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը ՌԴ տևել է մարտի 14-15-ը: Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, այցելել ՄԳԻՄՈ, Հայ առաքելական եկեղեցու Սբ Պայծառակերպություն եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Անհայտ զինվորի հուշարձանին:


© 2009 ARMENPRESS.am