Վանիկ Սանթրյան. բազմաշնորհ մարդ, ով մինչև վերջին պահը գրիչը վայր չդրեց

14:59, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 83-րդ տարում վախճանվել է ՀՀ վաստակավոր լրագրող Վանիկ Ալեքսանի Սանթրյանը։ 

Ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ 1952-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ Աշակերտել է այնպիսի ճանաչված հայ գիտնականների, ինչպիսիք են Գուրգեն Սևակը, Էդուարդ Ջրբաշյանը, Հրանտ Թամրազյանը, Մկրտիչ Մկրյանը, Բենիկ Յուզբաշյանը ուրիշներ։

1957 թվականին, համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատանքի է անցել նորաբաց «Երևան» (հետագայում՝ «Երեկոյան Երևան») թերթի խմբագրությունում։ 1962 թվականին տեղափոխվել է Հայաստանի հեռագրական գործակալություն (ՀՀԳ, ներկայումս՝ «Արմենպրես»), որտեղ աշխատել է մինչև 2010 թվականը։ Այստեղ, իր իսկ խոստովանությամբ, Վանիկ Սանթրյանը ձևավորվել է որպես ժուռնալիստ՝ հիմնականում լուսաբանելով մշակութային կյանքը, միշտ մնալով ոլորտի առաջատար լուսաբանողը։

1967 թվականին «Արմենպրես»-ում նորաբաց Սփյուռքահայ մամուլի բաժնի վարիչի պաշտոնը վստահվեց Վանիկ Սանթրյանին: Սա Վանիկի համար դարձավ մի լուրջ փորձաքար, և նա պատվով բռնեց այդ փորձությունը։ Ոչ միայն արդարացրեց գործակալության վստահությունը, այլև նշանակալից ավանդ ներդրեց մայր հայրենիքի և Սփյուռքի գաղթօջախների մերձեցման գործում։ Թեև նա չափազանց ծանրաբեռնված էր բաժնի վարիչի պաշտոնում, երբեք չէր մոռանում իր սիրելի բնագավառը՝ մշակույթը։ Նրան էր վիճակվում լուսաբանելու մեր երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող գրեթե բոլոր մշակութային խոշորագույն իրադարձությունները։ Նա մտերմիկ կապեր ուներ թե՛ խորհրդահայ անվանի արվեստագետների, թե՛ արտերկրի մի շարք խոշոր մշակութային գործիչների հետ։

Վանիկ Սանթրյանը երկար տարիներ դասախոսական աշխատանքով է զբաղվել Հայաստանի մի շարք մասնավոր բուհերում՝ իր հարուստ փորձը հաղորդելով ապագա լրագրողներին։ Նրա սաներից շատերն այսօր հանրապետությունում ճանաչված լրագրողներ են։

Սանթրյանը բազմաշնորհ մարդ էր։ Եվ դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ, հիմնականում զբաղվելով ժուռնալիստիկայով, այնուամենայնիվ յուրային էր նաև գրողների ու նկարիչների միություններում։ Գրքեր էր գրում, նկարում։ Վանիկ Սանթրյանը եզակի մարդկանցից  էր, ով ոչ միայն Հայաստանի ժուռնալիստների միության, այլև գրողների և նկարիչների միությունների անդամ էր։ Նա հեղինակել է հինգ տասնյակից ավելի տարբեր ժանրերի գրքեր, կազմել,  խմբագրել և հրատարակության է պատրաստել մի շարք հայ ճանաչված և սկսնակ գրողների գործերի ժողովածուներ։ Որպես նկարիչ անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Լոս Անջելեսում։ Դրանցից մեկը նվիրված էր նրա հարազատ Ղարաբաղի, մասնավորապես իր ծննդավայր Թաղավարդի չքնաղ բնությանը։

Չնայած տարիքին՝ Վանիկ Սանթրյանը մինչև վերջին պահը գրիչը վայր չդրեց։ Շուրջ մեկ տասնամյակ աշխատակցում էր «Հայաստանի Հանրապետություն» թերթին՝ իր հակիրճ ու բովանդակալից, իսկական վանիկական նյութերով։ Մահանալուց մեկ շաբաթ առաջ նա հարազատներին ասում էր, որ ապրիլի սկզբներին անպայման գնալու է Արցախ։

ՀՀ վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանն իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում արժանացել է բազմաթիվ պարգևների ու մրցանակների՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրի, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Հայրապետական օրհնության և գնահատաց գրի, ՀՀ վարչապետի շնորհակալագրի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Հայաստանի գրողների միության գրական վաստակի համար մեդալի, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի ոսկե հուշամեդալի, Հայաստանի  ժուռնալիստների միության երկու մրցանակի։            

Գնաս բարյավ, սիրելի Վանիկ…

 

«Արմենպրես» պետական լրատվական գործակալություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրություն 

Հայաստանի ժուռնալիստների միություն

Հայաստանի գրողների միություն

Հայաստանի նկարիչների միություն


© 2009 ARMENPRESS.am