«Ալեքս տեքստիլ» ընկերության արտադրանքը նախորդ տարվա համեմատ աճել է 308 տոկոսով

15:17, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեթև արդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող «Ալեքս տեքստիլ» ընկերությունը անցած տարվա ընթացքում թողարկել է 773.2 միլիոն ՀՀ դրամի արտադրանք` նախորդ տարվա համեմատ արձանագրելով 308 տոկոս աճ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` աշխատանքային այցով ընկերության արտադրամաս այցելության շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ընկերության գուլպաների արտադրության տնօրեն Ալբերտ Հովսեփյանը:

«Մենք արդեն երկու տարի է, ինչ սկսել ենք գործունեություն ծավալել: Արտադրում ենք գուլպաներ: Մեր արտադրանքը արտահանվում է նաև Ռուսաստանի Դաշնություն և այլ երկրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Գործարանը տարեկան արտադրում է մի քանի հարյուր հազար գուլպա: Հովսեփյանն ընդգծեց, որ հստակ թիվ չի կարող նշել, քանի որ տարբեր արտադրանքներ են տալիս` զուգագուլպաներ, գուլպաներ: Առայժմ արտահանվում է ընկերության արտադրած գուլպաների և զուգագուլպաների մոտ 20 տոկոսը, մնացածը` ներքին շուկայի համար է: «Մենք պլանավորում ենք ավելացնել արտահանման ծավալները»,- ասաց ալբերտ Հովսեփյանը:

Ընկերությունը 2017թ. նախատեսում է գործարկել կտորի, գործված հագուստի և տնային տեքստիլի արտադրություններ` իրականացնելով ընդհանուր առմամբ 28  միլիոն եվրոյի ներդրումներ: Այս մասին հայտնեց «Ալեքս տեքստիլ» ընկերության մանկական հագուստի արտադրամասի տնօրեն Մարատ Մովսիսյանը: «Մենք առաջիկայում նախատեսում ենք ընդհանուր 28 միլիոն եվրոյի ներդրումներ իրականացնել, որի մեջ մտնելու է կտորի արտադրությունը, տեքստիլի, ինչպես նաև սվիտերների արտադրություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մովսիսյանը:

Նա հայտնեց, որ սվիտերների արտադրությունը պլանավորում են  սկսել  ընթացիկ տարվա օգոստոսի սկզբին, տարեվերջին կսկսեն տեքստիլի և կտորի արտադրությունը:

Ընկերության մանկական հագուստի արտադրամասի պետ Ժորա Մովսիսյանն  էլ լրագրողներին հայտնեց, որ տարեկան արտադրում են շուրջ 1 միլիոն հատ հագուստ: «Արտադրում ենք կոմբինիզոններ, շալվարներ, շապիկներ: Բոլորը հիմնականում մանկական արտադրանք են: Մեր արտադրանք ամբողջովին արտահանվում է Ռուսաստան: «Ալեքս տեքստիլ»-ն աշխատում է ռուսական «Մանկական աշխարհ» խանութների ցանցի հետ, որը Ռուսաստանի տարածքում ունի շուրջ 600 խանութ: Մեր արտադրանքն առայժմ Հայաստանում չի վաճառվում, բայց հիմա ունենք շատ փոքր ծավալ, որը Հայաստանում պետք է իրացնենք, սակայն նաև փորձում ենք ընդլայնել մեր գործունեությունը, որպեսզի Հայաստանում ևս լայնորեն իրացնենք մեր արտադրանքը:

Մանկական հագուստի արտադրամասը սկսել է գործել մեկ ամիս առաջ: Արտադրամասում աշխատում`է 300-350 մարդ: 


© 2009 ARMENPRESS.am