ԵԽ նախագահը Գերմանիայի հասցեին Էրդողանի հայտարարությունն անընդունելի է համարել

17:57, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիային նացիզմի մեջ մեղադրելը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Տայանին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Սա անընդունելի հարձակում է Էրդողանի կողմից դեմոկրատական երկրի նկատմամբ, որը երաշխավորում է բոլոր հիմնարար իրավունքները»,- ասել է Տայանին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհություն էր հայտնել այն փաստի առնչությամբ, որ Գերմանիա գնացող թուրք նախարարներին չի թույլատրվում ելույթ ունենալ, սակայն Ֆրանկֆուրտում Նովրուզի տոնակատարությունների ժամանակ չեն միջամտել Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամների կոչերը, նրանց կողմից բարձրացված խորհրդանիշները, այդ թվում և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլա Օջալանի լուսանկարը:

«Դու էլ ես այս պահին նացիստական քայլեր անում: Ու՞մ` Գերմանիայում գտնվող իմ թուրք եղբայրներին կամ այնտեղ գնացող իմ նախարարներին ու պատգամավորներին»,- դիմելով Մերկելին` հայտարարել էր Էրդողանը:


© 2009 ARMENPRESS.am