Տարոն Մարգարյանը հերքում է Միհրան Պողոսյանի հետ տարաձայնությունների մասին խոսակցությունները

19:39, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է իր և Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Միհրան Պողոսյանի միջև տարաձայնությունների մասին խոսակցությունները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՀՀԿ-ի քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանն ընդգծեց,  որ այդ խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում: «Միհրան Պողոսյանը իմ վաղեմի ընկերն է, և մեր ընկերությունը շարունակվում է: Հանրապետականներն այն տեսակը չեն, որ ընտրությունների պատճառով իրար հետ չխոսեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Երևանի քաղաքապետը:

Դիտարկմանը, թե  Նոր Նորք, Ավան և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող առաջին ընտրատարածքում ՀՀԿ-ական թեկնածուներ Միհրան Պողոսյանի և Ռոբերտ Սարգսյանի միջև մրցակցություն է ընթանում, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ առաջին ընտրատարածքում ՀՀԿ-ն ունի 12  տարածքային թեկնածու և վստահեցրեց, որ նրանցից ոչ ոք մյուսի դեմ չի պայքարում:

Տարոն Մարգարյանը կոչ արեց կուլիսային խոսակցություններն այդքան լուրջ չընդունել:  


© 2009 ARMENPRESS.am