Հայաստանը մասնակցել է «Մեկ աշխարհ. Ռումինիա» կինոփառատոնին

20:15, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուխարեստում մարտի 13-ից 19-ը տեղի է ունեցել «Մեկ աշխարհ. Ռումինիա» մարդու իրավունքներին նվիրված փաստավավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որի այս տարվա գործընկերներից էր Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կինոփառատոնին երեք տասնյակ երկրների շարքում մասնակցում էր նաև Հայաստանը՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմով:

ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ` «Փակուղի» ֆիլմը ցուցադրվեց մարտի 18-ին և 19-ին Բուխարեստի «Էֆորիե» կինոթատրոնում և մեծ հետաքրքրություն առաջացրեց հանդիսատեսի մոտ:

Ֆիլմի ցուցադրությունից հետո մեկնաբանություններով հանդես եկան մշակութաբան, Բուխարեստի համալսարանի դասախոս դոկտոր Օանա Սուչիուն և ռումինահայ լրագրող Մադլեն Կարակաշյանը:

Ֆիլմի ցուցադրություններին, ինչպես նաեւ կինոփառատոնի տարբեր միջոցառումներին մասնակցեցին ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ»:


© 2009 ARMENPRESS.am