ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ին նվիրված հանդիպմանը

21:03, 20 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հրավերով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը Դիլիջանի համայնքապետարանում մարտի 18-ին մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց»-ի հարցերին նվիրված ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հանդիպմանը հանդես եկավ ողջույնի խոսքով, որում նա անդրադարձավ «Կայուն զարգացման օրակարգ 2030» ծրագրի իրագործման նպատակով ՄԱԿ-ի և վերջինիս մասնագիտացված գործակալությունների հետ համագործակցությանը, ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում կրթության, գիտության, մշակույթի ու հաղորդակցության դերակատարությանը և այս ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարվող աշխատանքներին: Նա խոսեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում իրականացվող տարբեր ծրագրերի շուրջ համագործակցության մասին՝ շեշտելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի զանազան ծրագրերին ակտիվ մասնակցության և դրանց շրջանակներում ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ուսումնառող քաղաքների համաշխարհային ցանց» ստեղծելու նախաձեռնությունը ներկայացվել է 2012 թ.-ին՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների և, մասնավորապես, կրթությանը վերաբերող 4-րդ նպատակի իրականացումը խթանելու համար: Այն նաև հարթակ է ուսումնառող քաղաքների վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից: Ներկայումս ցանցին անդամակցում է ավելի քան 160 քաղաք: 

ՀՀ ՅՈՒՆԵՍԿՕի ազգային հանձնաժողովի քարտուղարության ջանքերով Հայաստանից ցանցին անդամակցում են Սևան, Սիսիան, Դիլիջան, Գյումրի, Աբովյան և Էջմիածին քաղաքները»: 

 


© 2009 ARMENPRESS.am