Սպասվող լրահոս. 21.03.2017

09:22, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Երևանում այսօր՝ մարտի 21-ին, Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան,  «Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում» ասոցիացիայի հետ համագործակցությամբ կազմակերպում է երկօրյա ֆորում: Ֆորումի տարածաշրջանային նիստը կանցկացվի «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով: Ֆորումին ելույթ են ունենալու ինչպես հայ  այնպես էլ աշխարհի 5 մայրցամաքներից ժամանած առաջատար փորձագետներ:

Սոցիալական աշխատողների միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ-ում կանցկացվի «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով համաժողով: Այն կազմակերպվել է Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի, ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ։

Մարտի 21-ին աշխարհում նշվում է Անտառների պաշտպանության համաշխարհային օրը. ինչպիսի՞ն է այսօր հայաստանյան անտառների վիճակը, ի՞նչ խնդիրներ կան և ի՞նչ լուծումներ են առաջարկվում: Ոլորտում բարեփոխումներն ու անտառների վերականգնման աշխատանքների մասին կխոսեն Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան կազմակերպության ծրագրի համակարգող, անտառագետ Արթուր Ալավերդյանը եւ անտառների գծով փորձագետ Սիրանույշ  Գալստյանը:

Եղանակային փոփոխություններով պայմանավորված որոշակի ակտիվացում է նկատվում սուր շնչառական վարակների շրջանում: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը կներկայացնի հիվանդացության վերաբերյալ վիճակագրություն:

Մարտի 21-ին նշվում է նաև Դաունի համախտանիշով մարդկանց համաշխարհային օրը: Վերջին տարիներին գրանցված հիվանդության միտումներին, հիվանդության առաջացման պատճառներին կանդրադառնան Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման  կենտրոնի բժիշկ-գենետիկ Գոհար Շահսուվարյանը եւ բջջագենետիկայի լաբորատորիայի ղեկավար Սուսաննա Միդյանը:

Այսօր Երևանում կբացվի Տիկնիկների պատկերասրահ: Տիկնիկների միջազգային օրը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը հրավիրում է Տիկնիկների պատկերասրահի բացմանը։ Բացման հանդիսավոր արարողությանը կուղեկցի «տիկնիկների երթը», կտրվի փոքրիկ ներկայացում։ Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին հղած նամակում առաջարկել էր Երևան քաղաքի պատմության թանգարանի էքսկուրսիոն բաժնի վարիչ Մարինա Խաչմանուկյանը, որն այժմ Տիկնիկների պատկերասրահի գեղարվեստական ղեկավարն է։ Մշտական ցուցադրանքում կլինեն հայկական ծիսական, հնաոճ, խորհրդային տարիների, հեղինակային, թատերական, հուշանվերային տիկնիկները, ինչպես նաև տիկնիկներ անվանի հայերի հավաքածուներից։ Կցուցադրվի նաև պատկերասրահի առաջին խոշոր նվիրատուի՝ ամերիկահայ Ալիս Նավասարգյանի հավաքածուն։

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am