Արամ Աբրահամյանը ՀՀ-ում հետընտրական ակտիվ զարգացումներ է կանխատեսում

12:03, 21 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը կարծում է, որ Հայաստանում 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո լինելու են ակտիվ հետընտրական զարգացումներ: Երևանում Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի և Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի համատեղ ջանքերով կազմակերպված «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագրով ֆորումի ընթացքում իր ելույթում Արամ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանում ընտրությունները սկսել է լուսաբանել 1991թ.՝ հիշելով, որ այդ ժամանակ Հայաստանում եղել են ամենահանգիստ ընտրությունները:

«Դրանից հետո բոլոր ընտրություններից հետո եղել են ակտիվ զարգացումներ, քաղաքական ուժերը վիճարկել են ընտրությունների արդյունքները, եղել են բողոքի ցույցեր, ակցիաներ, բախումներ: Ես կարծում եմ, որ այս անգամ էլ նույն իրավիճակն է լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Աբրահամյանը:

Նա կարծիք հայտնեց, որ այս անգամ ընտրությունների արդյունքները վիճարկելու է ոչ թե երկրորդ տեղի հավակնորդ «Ծառուկյան» դաշինքը, այլ ավելի քիչ ձայներ ունեցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը:

Անդրադառնալով ընտրական գործընթացների լուսաբանմանը՝ Արամ Աբրահամյանը նկատեց, որ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերից առնվազն երեքն ունեն սեփական հեռուստաալիքները, որոնք հիմնականում ապահովում են նրանց քաղաքական PR-ը: «Ավելի լավ կլիներ, որ լրատվամիջոցներն ավելի անաչառ լինեին, անաչառ լուսաբանում իրականացնեին: Ավելացնեմ նաև, որ այժմ հեռուստաընկերությունները մոնիթորինգի տակ են, ուստի փորձում են բոլոր քաղաքական ուժերին հավասար եթերաժամ տրամադրել: Որքան ես գիտեմ, բացի իմ նշած երեք հեռուստաընկերությունից, բոլորը հետևում են, որպեսզի լուսաբանումը հավասարաչափ լինի»,- եզրափակեց Աբրահամյանը:


© 2009 ARMENPRESS.am