ՌԴ-ում ՀՀ դեսպանը կարևորեց ԶԼՄ-ների հետ ակտիվ համագործակցությունը

13:37, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ակտիվ համագործակցելու է զանգվածային լրատվամիջոցների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:

«Այս տարի կա համատեղ կազմակերպված շատ հետաքրքիր միջոցառումների ցանկ: Մենք կլինենք բավականին ակտիվ, բաց և թափանցիկ լրատվամիջոցների հետ: Համացանցում դեսպանատունն ունի իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերը, և համացանցի առումով նույնպես ակտիվ աշխատանք է տարվելու»,- նշեց Տողանյանը: Դեսպանը տեղեկացրեց, որ 2017 թվականի նոյեմբերին մարշալ Հովհաննես Բաղրամյանի 120-ամյակի կապակցությամբ «Իզվեստիա» թերթի հետ համատեղ Երևանում կազմակերպվելու է զորահրամանատարի կյանքին ու գործին նվիրված լուսանկարների ցուցահանդես:  

Տողանյանի խոսքով` դեսպանատունը ակտիվ համագործակցելու է նաև դիվանագիտական բուհերում սովորող ուսանողների հետ:

«Մեր ցանկությունն է ավելի ընդլայնել Հայաստանի մասին պատկերացումները՝ ներկայացնելով մեր երկրի ավանդույթները, մշակույթը և այլն: Դա արվելու է ոչ միայն Մոսկվայում, Դոնի Ռոստովում, Սանկտ Պետերբուրգում, այլև Հեռավոր Արևելքում»,- ընդգծեց դեսպանը:

Մարտի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով  ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Վարդան Տողանյանը:

Մարտի 16-ին Վարդան Տողանյանն իր հավատարմագրերը հանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ 


© 2009 ARMENPRESS.am