Արմեն Ամիրյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին

16:17, 22 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Արա Թարվերդյանին: «Նորանշանակ տնօրենը մասնագիտությամբ տնտեսագետ է, գիտությունների թեկնածու, աշխատել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում: Համոզված եմ, որ լավ ղեկավար կլինի և կկարողանա իրագործել ՊՈԱԿ-ի առջև դրված խնդիրները», -իր խոսքում ասել է նախարար Արմեն Ամիրյանը:

«Արմենպրես»-ին ՊՈԱԿ-ից տեղեկացրին, որ նախարարի տեղակալ Արև Սամուելյանը աշխատանքային բարի երթ մաղթելով տնօրենին, ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքը, գործառույթները, շեշտել, որ այն նախարարության լրջագույն ստորաբաժանումներից է: Նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ Ա. Թարվերդյանը կունենա իր և նախարարության մյուս կառույցների աջակությունն` ի նպաստ գործի:

Նորանշանակ տնօրեն Արա Թարվերդյանն իր հերթին ասել է, որ ծանոթ է ՊՈԱԿ-ի աշխատանքներին և գիտակցում է ստանձնած պատասխանատվությունը: «Գիտեմ, որ վարչական ու գիտական մեծ փորձ ունեցող մարդիկ են աշխատում ՊՈԱԿ-ում: Խորին հարգանք եմ տածում վերջիններիս հանդեպ և ուզում եմ հավաստիացնել, որ ուշադրությունս սևեռելու եմ գիտական պոտենցիալի զարգացմանը», -ասել է Արա Թարվերդյանը:

Նրա խոսքով, հասարակության հայացքն ուղղված է այս կառույցին, քանի որ հենց ՊՈԱԿ-ն է կոչված իրականացնելու պատմամշակութային ժառանգության պահպանությունը:

Արա Թարվերդյանը վստահեցրել է, որ ՊՈԱԿ-ը առավելագույն պատասխանատվությամբ կվերաբերվի ՀՀ մշակույթի նախարարի ցանկացած հանձնարարականի:


© 2009 ARMENPRESS.am