Վարչապետը հանձնարարել է արագացնել Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծման գործընթացը

17:24, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը զեկուցել է, որ ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և «Սյունիք ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել Սյունիքի ԱՏԳ կազմակերպիչ ընկերություն:

Կարեն Կարապետյանին մանրամասներ են ներկայացվել ԱՏԳ ձևավորման քայլերի, պետություն-մասնավոր համագործակցության բանաձևի, կազմակերպման առաջին փուլի և ծրագրի իրականացման ռիսկերի կառավարման վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին փուլի աշխատանքների համար նախատեսվում է ներդնել 2.5-3 մլն ԱՄՆ դոլար, իսկ շինարարության տևողության և ավարտի ժամկետը՝ սահմանել ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:  

Վարչապետը հանձնարարել է արագացնել գործընթացը և կառավարության առաջիկա նիստին ներկայացնել Սյունիքում ԱՏԳ ստեղծելու որոշման նախագիծ: Կարեն Կարապետյանը նշել է, որ համապատասխան որոշման ընդունմամբ կառավարությունը կհաստատի ԱՏԳ ստեղծման հայտը և կազմակերպչին, իսկ արդեն սույն թվականի աշնանը Սյունիքի ԱՏԳ-ն կսկսի գործել:


© 2009 ARMENPRESS.am