Տաթևիկ Շախկուլյանը դասախոսություն է կարդացել Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում

17:57, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում ՀՀ դեսպանությունում մարտի 22-ին տեղի ունեցավ Հայաստանից ժամանած Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի վարիչ, արվեստագիտության թեկնածու Տաթևիկ Շախկուլյանի՝ «Կոմիտասը և հայկական երաժշտական մշակույթը» դասախոսությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» հոգաբարձուների խորհրդի նախագահ Տակահիրո Ակիբայի նախաձեռնությամբ և Ճապոնիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Դասախոսության ընթացքում ներկայացվեց հայկական երաժշտության բազմադարյա պատմությունը, մանրամասն բացատրվեց միջնադարյան հայկական նոտագրության՝ խազերի առաջացման և զարգացման պատմությունը, ներկայացվեց 19-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած հայկական նոր նոտագրությունը, ինչպես նաև խազերի վերծանման, հայ և հարևան ժողովուրդների երաժշտության ուսումնասիրման գործում Կոմիտաս վարդապետի իրականացրած հսկայական աշխատանքը:

Դասախոսությունն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ հնարավորություն տալով ներկաներին ունկնդրել հայկական երաժշտություն, ինչպես նաև երգել հայկական հոգևոր և ժողովրդական երգեր:

Միջոցառմանը ներկա էին «Ճապոնիայի Կոմիտասի անվան երաժշտական ընկերության» անդամներ, երաժշտագետներ և հայկական մշակույթով հետաքրքրված այլ անձինք: Դասախոսությանը հաջորդեց ընդունելություն՝ հայկական խորտիկներով և խմիչքներով: 


© 2009 ARMENPRESS.am