Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները

18:09, 23 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ`  Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:

«Ես կարող եմ ասել, որ Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ թուրք գործընկերների հետ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի հետ կապված քննարկմանը մասնակցելու, ինչը սիրիական խնդրի կարգավորման համատեքստում շատ կարևոր է: Ինչպես հայտնի է, սիրիական հակամարտության կարգավորման գործում Թուրքիան հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը»,- ասել է Մարիա Զախարովան: 

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը մարտի 23-ին կանչվել էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:

PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել էր քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:

Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ:

 


© 2009 ARMENPRESS.am