Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

21:31, 23 Մարտ, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 23-ին ընդունել է Հայսատանի Հանրապետության  արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում  զրուցակիցները քննարկել են միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության ընդլայնմանն ուղղված հեռանկարներին և արտերկրում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցեր: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետ իրականացման հնարավորություններին:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, անդրադառնալով ԱՀ սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ միջազգային դիտորդների դրական արձագանքին, ընդգծել է դրանց կարևորությունը միջազգային կառույցներում Արցախի վերաբերյալ լիարժեք և անկողմնակալ կարծիք ձևավորելու հարցում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:


© 2009 ARMENPRESS.am