ԵԱՏՄ անդամ պետությունների ՏՏ ոլորտի ղեկավարներին ընդունել է Կարեն Կարապետյանը

17:29, 24 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 24-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին: Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ողջունելով պատվիրակության այցը մեր երկիր՝ վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ բնագավառի ղեկավարների մասնակցությունը հերթական աշխատաժողովին նոր խթան կհաղորդի ոլորտում ծավալված համագործակցությանը: «Մենք համատեղ ստեղծել ենք լավ ներուժ ունեցող ակումբ և կարևորում ենք ԵԱՏՄ շրջանակում տեղեկատվական տեխնոլոգիաների ու թվայնացման ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացումը», - ասել է կառավարության ղեկավարը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ Հայաստանում հանդիպում անցկացնելու նախաձեռնության և պատշաճ ընդունելության համար: Նրանք նշել են, որ նման աշխատանքային հանդիպումները լավ հարթակ են՝ ոլորտին վերաբերող հարցերը քննարկելու և ինչպես ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկրում, այնպես էլ միության շրջանակում տնտեսական աճի զարգացման նախադրյալներ ձևավորելու համար: ԵԱՏՄ անդամ երկրների ՏՏ ոլորտի ղեկավարները ՀՀ վարչապետին տեղեկացրել են, որ աշխատաժողովի շրջանակում նախատեսվում է անդրադառնալ  թվայնացման և ՏՏ բնագավառում փոխգործակցության օրակարգին,ինչպես նաև  յուրաքանչյուր անդամ երկրում համակարգման մարմնի ստեղծմանը վերաբերող հարցերին: 


© 2009 ARMENPRESS.am