Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ խաղալ. Արթուր Պետրոսյան

18:13, 25 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խոսքով Ղախաստանի դեմ խաղում Հայաստանը կխաղա հարձակվողական ֆուտբոլ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Պետրոսյանը: «Իմ կարծիքով՝ Հայաստանը և Ղազախստանը հավասար թիմեր են: Կապ չունի, որ նրանք հետնապահներ են: Վստահ եմ, որ լարված և համառ պայքար է լինելու: Մենք հետևել ենք Կիպրոսի հետ խաղին և արել ենք մեր եզրակացությունները»,-ասաց Պետրոսյանը:

Խոսելով աջ պաշտպանի դիրքի մասին` մարզիչը մասնավորապես փաստեց. «Եթե որոշում կայացնենք Կամո Հովհաննիսյանի օգտին, ապա որպես կիսապաշտպան կխաղա: Հովհաննես Համբարձումյանը փոքր վնասվածք ունի: Իսկ Մանոյանի բացակայությունն իսկապես մեծ կորուստ է»:

Անդրադառնալով թիմի առաջատարին` Հենրիխ Մխիթարյանին, Պետրոսյանն ասաց, որ նա լավ մարզավիճակում է: «Մենք վերլուծել ենք նրանց խաղը և գիտենք ուժեղ, թույլ կողմերը: Թույլերը չեմ ասի, իսկ ուժեղներն այն են, որ նրանք ֆիզիկապես ամուր են, և ամբոջ խաղի ընթացքում փորձում են «պրեսսինգի» դիմել: Մենք պայքարելու ենք հաղթելու համար»,-ասաց Պետրոսյանը:

Գլխավոր մարզչի պարզաբանմամբ` Արազ Օզբիլիսը խաղից խաղ է աճում: Նա ֆիզիկական վիճակը բարելավելու տեղ ունի: «Մենք փորձելու ենք հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել»,-կարևորեց մասնագետը:

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Կմեկնարկի 20:00-ին:


© 2009 ARMENPRESS.am