Հայաստանի ԱԺ ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունն ավարտվել է

10:35, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում մարտի 26-ին ժամը 20:00-ին ավարտվել է էլեկտրոնային քվեարկությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էլեկտրոնային քվեարկությունը մեկնարկել էր մարտի 24-ին` Երևանի ժամանակով 08:00-ին:

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ 877 մարդ: Դրանք ՀՀ դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամներն են, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ու ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները:

Էլեկտրոնային քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին պետք է ներկայացվի մինչև մարտի 27-ը` ժամը 12:00-ն:

Քվեարկության արդյունքները հայտնի կլինեն ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո:


© 2009 ARMENPRESS.am