Վահան Մարտիրոսյանն ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին

12:57, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 27-ին ընդունեց «ՏՐԱՍԵԿԱ» Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, «ՏՐԱՍԵԿԱ»-ն միջազգային տրանսպորտային ծրագիր է, որում ընդգրկված են Եվրոպական միությունն ու Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի 14 անդամ-պետություններ: ՀՀ-ում «ՏՐԱՍԵԿԱ» ազգային հանձնաժողովի նախագահը Վահան Մարտիրոսյանն է: 

Ողջունելով հյուրին` նախարարը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային  միջանցքի շրջանակում բազմակողմ տնտեսական գործակցության հետագա խթանումը:

Վահան Մարտիրոսյանը հայտնեց, որ Հայաստանը պատրաստակամ է աջակցել անդամ-պետություններին` ստորագրված համաձայնագրերին առանց որևէ պայմանների կամ քաղաքականացված վերապահումների միանալու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մուլտիմոդալ փոխադրումների և դրա զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:

Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ Միրչեա Չոպրագան հայտնեց, որ Միջկառավարական հանձնաժողովը պատրաստակամ է ընդունել հայկական կողմի առաջարկությունները` անդամ-պետությունների հետ տնտեսական և տրանսպորտային կապը զարգացման նպատակով:

Հայաստանը «ՏՐԱՍԵԿԱ»-ի հաջորդ նախագահող երկիրն է: 


© 2009 ARMENPRESS.am