Ապրիլի 15-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ

14:01, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ աշխատակազմի բնապահպանության, կոմունալ տնտեսության վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ապրիլի 15-ին համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանձնարարվել է այդ աշխատանքներում ակտիվորեն ներգրավել նաև ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցների ներկայացուցիչներին: Բնապահպանության վարչությանը հանձնարարվել է նախապես որոշակիացնել այն տարածքները, որտեղ պետք է կազմակերպվեն կենտրոնացված ծառատունկերը: Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հանձնարարվել է ոռոգման ցանցը ևս նախապատրաստել գործարկման, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը: 


© 2009 ARMENPRESS.am