Զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են նորաբաց Տիկնիկների պատկերասրահը փաթեթներում ներառելու հարցով

16:00, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները հետաքրքրված են Տիկնիկների պատկերասրահը տուրիստական փաթեթներում ներառելու հարցով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տիկնիկների պատկերասրահ հիմնելու գաղափարի հեղինակ, պատկերասրահի գեղարվեստական ղեկավար Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ մի շարք կազմակերպությունների 13 ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել:

«Հանդիպումը բավական արդյունավետ անցավ: Ես իրենց ներկայացրեցի պատկերասրահի ցուցանմուշները, դրանց պատմությունը, պատմեցի հայկական տիկնիկագործության, ծիսական ավանդական տիկնիկների մասին: Քննարկեցինք, թե զբոսաշրջիկների այցելությունների դեպքում շեշտը ինչի վրա դնել: Մեր կողմից առաջարկեցինք, որ տոների ժամանակ կարող ենք նաև միջոցառումներ կազմակերպել, հրավիրել  ազգագրական խմբերի՝ այցելությունները զբոսաշրջիկների համար ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով»,-ասաց Մարինա Խաչմանուկյանը:

Նորաբաց պատկերասրահն այցելուների պակաս չի զգում: Միայն մարտի 26-ին պատկերասրահն ունեցել է 100-ից ավելի այցելու: Քիչ չեն նաև օտարերկրացիները: Այցելուների թվում եղել են իրանցիներ, ռուսներ, անգլախոս զբոսաշրջիկներ: Մարինա Խաչմանուկյանը նշեց, որ նախատեսում են թիրախավորված աշխատել ռուսական շուկայի հետ:

Տիկնիկների միջազգային օրվա առթիվ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 21-ին Երևանի Աբովյան փողոց 1/1 հասցեում տեղի ունեցավ Տիկնիկների պատկերասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Այդտեղ ներկայացված են հայկական և տարբեր ազգերի տիկնիկներ: 1914 թվականին կառուցված շենքը, որի մի մասը զբաղեցնելու է Տիկնիկների պատկերասրահը, պատմամշակութային արժեք ունի, 1921 թվականին այդտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:


© 2009 ARMENPRESS.am