Գյուլենը պատրաստվում է փախչել Կանադա. Թուրքիայի արդարադատության նախարար

16:01, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մտադիր է փախչել Կանադա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Բոզդաղն ասել է թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում:

«Մեր հետախուզական ծառայությունն այս մասին լուրջ տեղեկություններ ունի: Մենք այս տեղեկությունները հայտնել ենք Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությանը: Տեղյակ ենք, որ Կանադայում հողատարածք է գնել ու սկսել է նախապատրաստություն տեսնել այնտեղ գնալու թույլտվություն ստանալու համար»,- հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարարը:

Բոզդաղի խոսքով` Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման մեկնարկից հետո Կանադա տեղափոխվելու պատրաստություններն ավելի մեծ թափ են ստացել:

Պաշտոնական Անկարան 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

 


© 2009 ARMENPRESS.am