ՀՀ Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ

18:11, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն մարտի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Առուշանյանների ընտանիքին՝ հայ թատրոնի և կինոյի սիրված դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Լորենց Առուշանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահ աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Հանրապետության Նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին: 

«Լորենց Առուշանյանը հայրենի մշակույթին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և տպավորիչ կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ հանդիսատեսի հիշողության մեջ:

Անվանի դերասանը նաև հասարակական բուռն գործունեություն ծավալեց Արցախյան գոյամարտի տարիներին՝ իր նպաստը բերելով ազատամարտիկներին անհրաժեշտ օգնություն կազմակերպելու գործում»,-ասված է Նախագահի ցավակցական հեռագրում: 


© 2009 ARMENPRESS.am