Դեսպան Մկրտչյանը Լիտվայի Սեյմասի փոխնախագահին է ներկայացրել ԼՂ հարցում Ադրբեջանի ապակառուցողական քայլերը

18:40, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 27-ին հանդիպել է Սեյմասի (խորհրդարան) փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.«Դեսպան Մկրտչյանը շնորհավորեց Գեդիմինաս Կիրկիլասին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ։ 

Ապա փոխխոսնակի խնդրանքով ներկայացրեց Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր։

Կողմերն ընդգծեցին տնտեսական և քաղաքական հարաբերությունների առավել խորացմանը միտված երկկողմ հետաքրքվածության մասին։

Դեսպան Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում ակնկալվում է Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը:

Գեդիմինաս Կիրկիլասը իր հերթին բարձր գնահատեց Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սեյմասի փոխխոսնակը նաև ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաների բնագավառում Հայաստանը և Լիտվան փոխադարձ հետաքրքրություն կարող են ներկայացնել։ 

Դեսպանը նաև ներկայացրեց Ադրբեջանի կողմից խորհրդարանական մակարդակով տարվող ապակառուցողական քայլերի մասին՝ ընդգծելով, որ նման գործելաոճը որևէ հեռանկար չունի և վնաս է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդական առաքելությանը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»։


© 2009 ARMENPRESS.am