Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

18:47, 27 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր, անդրադարձել արցախա-ադրբեջանական հակամարտության շփման գծում տիրող իրավիճակին:

Համանախագահները ՀՀ Նախագահին տեղեկացրել են Բաքվում ունեցած հանդիպումների մասին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, ինչպես նաև Վիեննայում և Սանկտ  Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը:


© 2009 ARMENPRESS.am