Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա

17:57, 27 Մարտ, 2017

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով պաշտոնական այցով ժամանել Է Մոսկվա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես սպասվում Է, արդեն մարտի 27-ին Ռոուհանին բանակցություններ կվարի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Պուտինի հետ բանակցությունները պլանավորված են մարտի 28-ին:
Առաջիկա հանդիպումը թվով իններորդը կդառնա Ռոուհանիի նախագահության ոչ լրիվ չորս տարվա ընթացքում: Ինպես ավելի վաղ հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը, բանակցություններում նախատեսվում Է քննարկել երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաեւ շարունակել կարծիքների փոխանակումը համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ: 
Իրանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն, Մոսկվա այցի ընթացքում Ռոուհանիին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար, ռուս-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վայեզին, առաջին փոխնախագահ Էսհակ Զահանգիրին, Իրանի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: 
Պատվիրակության կազմում են նաեւ Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, Իրանի Կենտրոնական բանկի նախագահը եւ այլ պաշտոնատարներ: Բացի այդ, այս ուղեւորությանը մասնակցում Է Իրանի գործարար շրջանների ներկայացուցչական պատվիրակությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


© 2009 ARMENPRESS.am