Օրենքը գործում է նաև Թուրքիայի հետախուզական ծառայության համար. Գերմանիայի արդարադատության նախարար

17:37, 29 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը հայտարարություն է արել` կապված Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում իրականացվող լրտեսական գործունեության մասին պնդումների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

«Եթե հաստատվեն Ազգային հետախուզական ծառայությանն ուղղված ծանր մեղադրանքները, գերմանական օրենքը կգործի նաև թուրքական գաղտնի ծառայությունների համար»,- հայտարարել է նա: Նախարարն ընդգծել է, որ գերմանական օրենքը պաշտպանում է Գերմանիայի տարածքում բնակվող բոլոր անձանց: «Լրտեսությունը քրեորեն պատժելի է: Նման իրադրությանը դիմաց անձայն չենք կարող մնալ»,-ասել է Մաասը:

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննություն է սկսել Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից Գերմանիայի տարածքում գյուլենականներին լրտեսելու մասին մեղադրանքների առնչությամբ: Թուրքական կողմից Գերմանիայում հետախուզական գործունեություն ծավալելու մասին լուրերը խստորեն դատապարտել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեյզյերը: «Գերմանական հողում լրտեսական գործունեությունը հանցանք է և դրա նկատմամբ աչք փակել հնարավոր չէ»,- հայտարարել է նա:

 

 


© 2009 ARMENPRESS.am