Որոշ ուժեր երդումների մակարդակով ուզում են ցույց տալ, որ իրենք են իսկական ընդդիմություն. Բագրատ Եսայան

18:02, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ընթացքում շեշտը դրել են  ոչ թե ծրագրային դրույթների վրա, այլ թե ով է իրական ընդդիմություն, իսկ ով՝ կեղծ: Մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսում, ամփոփելով նախընտրական քարոզարշավը, նման դիտարկում արեց Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության համամասնական ցուցակի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը:

«Ընտրարշավը կառուցեցին ով իշխանություն է՝ վատն է, ով ընդդիմություն՝ լավը սկզբունքի վրա: Ընդդիմադիր կուսակցությունները առանց գաղափարական հիմնավորման, առանց ծրագրային դրույթներ առաջադրելու ուղղակի փորձում են երդումների մակարդակով ցույց տալ, որ իրենք են իսկական ընդդիմություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Բագրատ Եսայանը:
Ըստ նրա՝ այս քարոզարշավը կարծես թե ընթացավ իներցիայով՝ իր մեջ ներառելով նախորդ նախընտրական քարոզարշավներին բնորոշ բացասական գծերը: Թեկնածուն քարոզարշավի բացասական հատկանիշներից է համարում նաև ռեյտինգային ընտրակարգի ներդրումը:

«Առաջին պլան մղվեցին ընկերական, բարեկամական, խնամիական կապերը, որոնք բերեցին նախորդ ընտրապայքարներում եղած բացասական երեւույթների բազմապատկմանը: Կաշառք տվողների պոտենցիալ թիվը ավելացավ»,- ասաց Բագրատ Եսայանը:

Պատգամավորության թեկնածուն նշում է նաև այն հանգամանքը, որ նախընտրական փուլում բռնություններ գրանցվեցին ոչ միայն տարբեր կուսակցությունների միջև, այլեւ նույն կուսակցության ներսում: Ըստ նրա՝ սա ապացուցում է, որ կուսակցությունները դեռեւս չունեն թիմային աշխատանքի, մեկ գաղափարախոսության մեջ համախմբված լինելու զգացողություն:

Բագրատ Եսայանի խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում առկա երկու սոցիալիստական կուսակցություններից՝ ՀՅԴ-ից և Կոմկուսից, ովքեր հանդես են գալիս սոցիալիստական արդարության վերստեղծման օգտին, Կոմկուսի՝ անցյալը վերադարձնելու ծրագիրը անիրատեսական է: ՀՅԴ-ն իր հերթին մի քանի անգամ հանդես եկավ տնտեսական համակարգի բարեփոխումների, համակարգային փոփոխությունների ծրագրով, որը, կարծես, չընդունվեց մյուս քաղաքական ուժերի կողմից:
Թեկնածուի խոսքով՝ լիբերալ գաղափարախոսության հետեւորդ մյուս բոլոր ուժերը, գաղափարական ծրագրային բանավեճ սկսելու այս մարտահրավերը չընդունեցին, այլ գնացին  չհիմնավորված խոստումների ճանապարհով, «ով ավելի կասի» սկզբունքով:

Ըստ նրա՝ գաղափարական պայքար ստացվել է միայն մեկ հարցում եւ այն էլ երկու քաղաքական ուժի՝  Կոնգրես -ՀԺԿ-ի եւ ՀՅԴ-ի միջև. ԼՂ հիմնահարցի շուրջ երկու քաղաքական ուժերի մոտեցումների բախումն է: Բագրատ Եսայանը պնդում է, որ ՀՅԴ-ն 1988 թվականից մինչև օրս պայքարել է Արցախի անկախության ճանաչման համար և որ ամեն խաղաղություն չէ, որ առաջխաղացման երաշխիք է:

«Ղարաբաղյան հարցի մասին իրենց տեսակետը Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ նրա գլխավորած ուժը հաճախ փորձում են հիմնավորել` խեղաթյուրելով փաստերը: Մյուս կուսակցությունները արհեստականորեն փորձում են նորից խաղարկել հին խաղաքարտը, որը բազմիցս ապացուցվել է, որ չի խաղում, և որը ուղղակի հանձնել էր նշանակում»,- նշեց Բագրատ Եսայանը:

Պատգամավորության թեկնածուն նշում է, որ ժողովրդի մոտ հատկապես լավ է ընկալվում և ընդունվում Ղարաբաղին վերաբերող իրենց ծրագրային կետը:

Անդրադառնալով հասարակության մոտ ընտրությունների հանդեպ ունեցած հիասթափությանը և իշխանության ու ընդդիմության նկատմամբ անվստահությանը՝ Բագրատ Եսայանը նշում է. «Անվստահությունը իշխանության կամ ընդդիմության նկատմամբ, ի վերջո, վերածվում է անվստահության սեփական երկրի նկատմամբ: Երբ ընդդիմությունը քաղաքական պայքարը մղում է առանց որեւէ ռեալ առաջարկի, իսկ իշխանությունը իշխանություն է ոչ թե կոնկրետ խնդիրներ լուծելու համար այլ ժողովրդի մասին ընտրությունից  ընտրություն հիշելու համար, ժողովուրդն այս թատերականացված ներկայացմանը մոտենում է շատ թերահավատորեն, եւ դա է պատճառը, որ մենք ունենք համատարած մերժողականություն, համատարած կասկած քաղաքական ուժերի նկատմամբ»:

Լիանա Անդրեյան

Մարիամ Բաբայան


© 2009 ARMENPRESS.am