ԵՄ-ն և Ավստրիայի զարգացման գործակալությունը կշարունակեն օժանդակել օրգանական գյուղատնտեսության զարգացմանը

18:23, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից կշարունակվի օժանդակությունը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նրա խոսքով` ընթացիկ տարում ընտրվել են 28 տնտեսություններ, որոնք դրամաշնորհներ կստանան գույքի և արտադրական միջոցների ձեռքբերման նպատակով:

«Այսպիսով, երկու տարվա ընթացքում ավելի քան 1 մլն եվրո տրամադրվել է շուրջ 46 տնտեսությունների, որոնք ձեռնամուխ են եղել օրգանական գյուղատնտեսության ոլորտում աշխատելու: Այս տարվա ընթացքում նախատեսվում է մեկնարկել իրազեկման ծրագիր հասարակության շրջանում՝ օրգանական մթերքների առավելությունների վերաբերյալ: Ինչպես նաև կմշակվի օրենսդրական փոփոխությունների փաթեթը: Մենք համարում ենք, որ օրգանական գյուղատնտեսությունն ավելի մեծ ներուժ ունի, քան հիմա օգտագործում ենք»,- ասաց նախարարը` հավելելով, որ այն ծանր աշխատանք է ենթադրում, սակայն դեպի ԵՄ ավելի կարճ արտահանման ճանապարհ է: Դրա շնորհիվ ավելի մրցակցային կլինի հայկական օրգանական արտադրանքը:


© 2009 ARMENPRESS.am