Հայաստանում կներկայացվի «Լուսավորիչ» օպերան

18:52, 30 Մարտ, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը` ապրիլի 3-ին, ժամը 19:00-ին, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կիրականացնի կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության լրատվական վարչությունից, մինչ օպերայի առաջնախաղը` ժամը 18:30-ին, թատրոնի ճեմասրահում կբացվի «Դեպի լույս» խորագիրը կրող` հանրապետության գեղարվեստի և արվեստի դպրոցների սաների գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը.  ցուցադրության կազմակերպիչն է «Անահիտ Ցիցիկյան» հիմնադրամը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ապրիլի 4-ին, ժամը 17:00-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում`  տեղի հանդիսատեսին կներկայացվի «Լուսավորիչ» օպերան:

«Լուսավորիչ» օպերայի բեմականացումը նվիրվում է Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին:  

2016 թվականի հոկտեմբերին  բեմադրությունն իրականացնելու նպատակով «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ներկայացուցիչները, հեղինակները և Կամերային նվագախմբի դիրիժոր, պրոֆեսոր Հարություն Արզումանյանը լսումներ են անցկացրել ՀՀ մարզերի և Երևանի երաժշտական, արվեստի դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում: Արդյունքում, ընտրվել են կամերային նվագախմբի երաժիշտներ, դերակատարների երկու կազմ, պարային խումբ՝ կազմված Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաներից /ղեկավար՝ Տաթևիկ Ղարիբյան/ և երգչախումբ` կազմված Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի սաներից` /ղեկավար` Լիլիթ Եդիգարյան/: Բեմական հագուստը և բեմի ձևավորումը` «Տերյան» մշակութային կենտրոնի:

Նախագծի պրոդյուսերն է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն Նելլի Սարգսյանը:  Նախագծի գործադիր պրոդյուսեր` Սահականուշ Սահակյան: Նախագծի համակարգողներ՝ Քրիստինե Գարգարյան, Մարիաննա Թադևոսյան:

Ս. թ. մարտի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում` կանադացի կոմպոզիտոր Ռոն Հաննահի «Լուսավորիչ» օպերայի առաջնախաղին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանը, կոմպոզիտոր Ռոն Հաննահը, նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելլիսը, «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանը, նախագծի գործադիր պրոդյուսեր, թարմանիչ  Սահականուշ Սահակյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլիա Նիկոյանի խոսքով. «Ողջունելի է ավստրիացի հեղինակավոր կոմպոզիտորի նման նախաձեռնությունը` անդրադառնալ հայկական թեմային, օգտագործել հայկական ժողովրդական մեղեդիներ, ստեղծել ներկայանալի գործ, որը սիրով կատարում են հայ պատանիներն ու մանուկները: Համոզված եմ` «Լուսավորիչ» օպերան մշակութային կրթության ոլորտում կարևորագույն իրադարձություն է: Նշեմ նաև, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այն ընդգրկել է «Մշակութային կանգառ» ծրագրում»:

«Լուսավորիչ» օպերայի հեղինակ, կոմպոզիտոր Ռոն Հաննահի տեղեկացմամբ` մի քանի տարի առաջ Հայաստան է այցելել, անչափ տպավորվել պատմամշակութային հուշարձաններով, իսկ առաջին անգամ լինելով Խոր Վիրապում` մեծ հետաքրքրությամբ է ծանոթացել Գրիգոր Լուսավորչի զարմանալի պատմությանը: Հետևաբար սիրով գրել է այս ստեղծագործությունը: «Ինձ համար մեծ պատիվ է լինել Արամ Խաչատրյանի հայրենիքում, ներկայացնել օպերա»,- իր խոսքում նշել է Ե. Հաննահը:

Նախագծի գեղարվեստական ղեկավար և լիբրետոյի հեղինակ Անդրեա Մելիսն ընդգծել է, որ լիբրետոյի հիմքում ընկած է գոյատևման, կենդանի մնալու գաղափարը. «Հայաստանում վարպետության դասեր եմ անցկացրել և հիացել այն ձայներով, որոնք կան այստեղ: Ցանկանում եմ դռներ բացել երեխաների, երիտասարդների առաջ,  հաղորդակից դարձնել նրանց աշխարհին»:

«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի տնօրեն, նախագծի պրոդյուսեր Նելլի Սարգսյանն իր խոսքում կարևորել է բեմադրիչի վարպետությունը, ինչի արդյունքում երեխաները մեծ հաճույքով են աշխատել բեմի վրա և հաղթահարել լեզվական խոչընդոտները:

 

 

 

 

 

 

 

 


© 2009 ARMENPRESS.am