«Եվրատեսիլ-2017»-ի Գերմանիայի ներկայացուցիչը տպավորված է հայերի ջերմ վերաբերմունքից եւ գրկաբաց ընդունելությունից

11:10, 15 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լևինան, ով մի քանի օր է, ինչ Հայաստանում է, վստահ է՝ հայերի ջերմ վերաբերմունքը դեռ երկար է հիշելու: Նրա խոսքով՝ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրել Երեւանը եւ միանշանակ վերադառնալու է այստեղ:

«Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ կարող եմ ասել, որ ամեն ինչ հրաշալի էր: Հստակ ինչ-որ ակնկալիքներ չունեի, բայց երբ ես եկա այստեղ, մարդիկ շատ գրկաբաց ընդունեցին, ինչի համար անչափ ուրախ եմ:  Բացի դրանից, շատ եմ հավանել նաեւ կերակրատեսակները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Լեւինան առաջինն էր, ով արձագանքեց մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանի նախաձեռնությանը, ըստ որի՝ նա մարտահրավերներ է նետում մասնակից երկրներին երգելու հայկական ազգային երգեր՝ հենց ինքը կատարելով տվյալ երկրների ազգային երգերը:  Լևինան կատարել էր Կոմիտասի «Կաքավիկ» երգը: Նա խոստովանեց, որ հայերենը թեպետ բավականին բարդ,  այնուամենայնիվ, շատ հետաքրքիր լեզու է:


«Ասեմ, որ  շատ եմ հավանում Արծվիկին, շատ ընկերասեր է, ունի հզոր ձայն: Նրա երգը հետաքրքիր ելեւէջներ ունի, իսկ ինչ վերաբերում է հայերենին, ապա այն բոլորովին նման չէ որեւէ լեզվի, որ ես երբեւէ լսել եմ»,-նշեց Լևինան:

Գերմանացի երգչուհին ներկայացնում է «Կատարյալ կյանք» խորագիրը կրող երգը, որը հանդիսատեսին հնարավորինս գեղեցիկ մատուցելն է հատկապես կարեւորում:

«Ես հույս ունեմ,  որ մարդիկ կհավանեն այն: Իհարկե, հիանալի կլինի, որ լավ արդյունքներ ունենանք, սակայն նաեւ շատ կարեւոր է իսկապես վայելել միջավայրը, մրցույթը, լավ փորձ ձեռք բերել, այսինքն՝ միասին  տոնել  երաժշտությունն առանց սահմանների: Երգս կարեւոր գաղափար է ներկայացնում. այն, որ չպետք է վախենալ սխալներ գործելուց, կյանքում բացասական երեւույթներ լինում են, բայց պետք է վերցնել դրականը եւ պայքարել երազանքների համար: Իրականում, ըստ իս՝ կատարյալ կյանք, որպես այդպիսին, գոյություն չունի: Ամեն մարդ իր իսկ փորձից սովորելով է կյանքը դարձնում կատարյալ»,-ասաց երգչուհին, ով դեռեւս 9 տարեկանից է սկսել զբաղվել երաժշտությամբ:

Գերմանիայի ներկայացուցիչը երեկ Արծվիկ Հարությունյանի հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր, որտեղ միասին ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Լևինայի կարծիքով՝ կարեւոր է, որ մարդիկ իմանան պատմության էջերում գրված նման դեպքերի մասին:

[gallery id= 58777]

«Գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Գերմանիան նախորդ տարի ճանաչեց այն:  Չեմ կարող քաղաքական առումով որեւէ մեկնաբանություն անել, բայց կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ այն ճանաչվի»,-ընդգծեց նա:

Գերմանիայի մասնակիցն այսօր վերադառնում է հայրենիք՝ Հայաստանից իր հետ տանելով միմիայն դրական հիշողություններ:

«Ես տպավորված եմ՝ թե ինչքան բաց ու էմոցիոնալ են հայերը: Նրանց համար ամեն ինչ մեծ նշանակություն ունի: Շատ կարեւոր է գնահատել նույնիսկ փոքր բաները: Միայն դրական էներգիա ու արձագանք  եմ ստացել հայերից: Գիտեմ, որ ամռանն այստեղ հատկապես շատ  հրաշալի մթնոլորտ է ստեղծվում. անպայման վերադառնալու եմ»,-եզրափակեց Լևինան:

 

Սյուզի Մուրադյան

 

 




© 2009 ARMENPRESS.am