Քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ն կներկայացնի Երևանի ռազմավարական զարգացման 2017-2022թթ. ծրագիրը

21:51, 20 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը կսկսի Երևանի Էրեբունի վարչական շրջանից: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Արդեն պատրաստ է մեր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ կան մի շարք բաժիններ: Մեր թիմը պատրաստ է, և վաղվանից կսկսենք քարոզարշավը: Բացի ապրիլի 24-ից, մնացած օրերին մենք ակտիվ քարոզարշավ ենք իրականացնելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Շարմազանովը նաև հավելեց, որ իրենք, ինչպես 2013թ. ավագանու ընտրությունների ժամանակ, այնպես էլ այս անգամ նախընտրել են երևանցիների հետ բակային հանդիպումների տարբերակը: «Մենք կարծում ենք, որ ավագանու մեր թեկնածուների և Երևանի բնակիչների միջև միջնորդներ պետք չեն և դրա համար ընտրել ենք քարոզարշավի այս տարբերակը, որի ընթացքում ավագանու թեկնածուները` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, բակային հանդիպումներ կունենան Երևանի բոլոր վարչական շրջանների բնակիչների հետ: Մենք հանրությանը ներկայացնելու ենք Երևանի զարգացման 2017-2022թթ  ռազմավարական ծրագիրը»,- ընդգծեց ՀՀԿ խոսնակը:

Նա նշեց, որ իրենք որևէ մեկի հետ լեզվակռվի մեջ մտնելու ցանկություն չունեն և քաղաքական պայքարի կողմնակից են: Շարմազանովը հաջողություն մաղթեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակից մյուս երկու քաղաքական ուժերին: 


© 2009 ARMENPRESS.am