Սպասվող լրահոս. 21.04.2017

09:27, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` մարտի 21-ին, մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ` ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն է: Քարոզարշավի ընթացքում ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը մայրաքաղաքի բնակիչներին կներկայացնեն Երևանի զարգացման իրենց տեսլականն ու ծրագրերը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի պաշտպանության ոլորտում իրականացրած աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը:

Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կծանոթացնեն իրենց ուսումնական պայմաններին, արձանագրած հաջողություններին և կրթական ծրագրերին: Առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված կլինեն սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներ, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակներ: Ցուցահանդեսը կգործի ապրիլի 21-ին և 22-ին՝ ժամը 11:00-18:00-ը և ապրիլի 23-ին՝ ժամը 10:00-15:00-ը։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի կունենա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը: Նա կներկայացնի 2016թ. հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կանցկացվի տարեկան հաշվետու մամուլի ասուլիսը: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ամփոփ կներկայացնի իր պաշտոնավարման տասը տարիների թանգարան-ինստիտուտի ձեռքբերումներն ու ապագա նախագծերն ու ծրագրերը: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակը: Այս առթիվ կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ:

ՀՀ փաստաբանների պալատում կկազմակերպվի «Միջազգային գործերի իրավական պաշտպանությունը. օտարերկրյա գործարարները Հայաստանի Հանրապետությունում և հայ գործարարները արտերկրում» թեմայով քննարկում։

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Նա կներկայացնի, թե Հայոց ցեղասպանության օրերին մշակութային ինչպիսի արժեքներ և կոթողներ են ոչնչացվել:

Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կմարվի և շրջանառության մեջ կդրվի 1 նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Դրանից հետո Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը նվիրվում է լեգենդար Սարո՝ Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակին և այդ դերում նրա բեմելի 75-ամյակին: Անուշի դերակատարմամբ հանդես կգա նշանավոր օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյբուքում:


© 2009 ARMENPRESS.am