Թուրքիայում հանրաքվեի արդյունքների հետ կապված բողոքի ցույցերը շարունակվում են

12:58, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի կողմից սահմանադրական հանրաքվեում անկնիք քվեները վավեր ճանաչելու մասին որոշման ընդունումից հետո երկրի տարբեր քաղաքներում սկսված ցույցերը չեն դադարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Demokrathaber-ը հայտնում է, որ նոր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլում, Ադանայում, Մերսինում:

Ցուցարարները պահանջել են չեղյալ համարել հանրահավաքի արդյունքները: Նրանք հանդես են եկել «Ոչ, մենք ենք հաղթել», «Չենք ճանաչում այս անօրինական ընտրության արդյունքները», «Ամենուր ոչ, ամենուր դիմադրություն» կոչերով:

Մերսինում ցուցարարները դժգոհություն են հայտնել sendika.org-ի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանի ձերբակալման առնչությամբ` նշելով, որ այդ կերպ չեն կարող լռեցնել իրենց:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն. սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը:

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները բողոքարկել էին հանրաքվեի արդյունքները` հաշվի առնելով այն, որ ընտրական հանձնաժողովը որոշել էր վերջին պահին վավեր ճանաչել նաև անկնիք քվեները:Ապրիլի 19-ին, սակայն, հանձնաժողովը մերժել էր բողոքարկումը:

Թուրքիայի քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը հայտարարել է սահմանադրական դատարան, այնուհետև Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իր մտադրության մասին:

 


© 2009 ARMENPRESS.am