ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձել է հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողություններին

18:17, 21 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա հուլիսյան իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունները Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առանձին դեպքերով որակում է անընդունելի: «2016 թվականի հուլիսի 17-ին` քաղաքացիական նախաձեռնությունների անդամները տարածեցին հայտարարություն, որով կոչ արեցին հանրությանը հավաքվել Ազատության հրապարակում: Ազատության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներից ոչ ոք չէր դրսևորել հակաիրավական վարքագիծ, մինչդեռ ոստիկանները շարունակում էին նրանց հեռացնել նախատեսվող հավաքի վայրից` նույնիսկ քաղաքացիներին ընտրելով պատահականության սկզբունքով։ Ստեղծված պայմաններում ոստիկանության գործողություններն այն տպավորությունն էին թողնում, որ դրանք ուղղված էին հավաքը կանխելուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ապրիլի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով` եթե հավաքն իր բնույթով խաղաղ էր, ոստիկանությունը չէր կարող խափանել հավաքի անցկացումը։ «Եթե Ոստիկանությունն առաջնորդվում էր հավաքը նախապես սահմանափակելու իրավունքով, ապա այդ իրավիճակում ոստիկանությունը նման լիազորություն չուներ»,- շեշտեց Թաթոյանը:

Ըստ նրա` ոստիկանության ստորաբաժանումներ այցերը, բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հետ առանձնազրույցները, ինչպես նաև այդ այցերի ընթացքում ոստիկանության ծառայողների հետ քննարկումները վկայում են, որ շատ դեպքերում հենց իրենք՝ ոստիկանության ծառայողները չէին տիրապետում օրենսդրությանը և, իհարկե, նաև սահմանադրական կամ կոնվենցիոն կարգավորումներից բխող իրենց պարտականություններին:

«Խոսքը վերաբերում է հատկապես այն ծառայողներին, ովքեր պարեկային կամ այլ ծառայության շրջանակներում գտնվում են անձի հետ անմիջական շփման մեջ: Ուստի, այս առումով անհրաժեշտ է հրատապ փոփոխության ենթարկել ոստիկանության ծառայողների համար Ոստիկանության կրթահամալիրում նախատեսված ուսումնական և վերապատրաստման դասընթացները: Այդ նպատակի արդյունավետ իրականացման համար պետք է նաև փոփոխության ենթարկել ոստիկանության այն բոլոր ներքին կանոնակարգումները, որոնք վերաբերում են այս խնդիրներին: Սա առաջիկայում պետք է լինի ոստիկանության առաջնահերթ խնդիրը»,- ընդգծեց Թաթոյանը:


© 2009 ARMENPRESS.am