ՀՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանի հոբելյանի առթիվ նամականիշ մարվեց
20:50, 21 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ` նվիրված «Անուշ օպերա. Ավագ Պետրոսյան» թեմային: Այն նվիրված է ՀՀ ժողովրդական արտիստ, տենոր Ավագ Պետրոսյանի ծննդյան 105-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փոստային նամականիշի պաշտոնական մարման արարողությունն իրականացրեցին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիայի փոխնախարար Արման Խաչատրյանը, «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ինչպես նաև Ավագ Պետրոսյանի որդին` Արա Պետրոսյանը:
«Մեծ պատիվ է մասնակցել այս նամականիշի մարմանը: Կարծում եմ, որ պետք է մեր կատարողական արվեստի փառահեղ աստղերին ներկայացնելու հնարավորությունն ավելի մեծացնել և ժամանակակից տեխնոլոգիաների միջոցներով հասանելի դարձնել արվեստը երիտասարդներին, որպեսզի մեր ժամանակից գործող օպերային արվեստի արտիստները կարողանան հասնել կատարողական այն բարձր մակարդակի, որն ունեին Ավագ Պետրոսյանը և Գոհար Գասպարյանը»,- ընդգծեց Ամիրյանը: Նախարարը նշեց, որ ծրագրվում է առաջիկայում Գոհար Գասպարյանի մասին գեղարվեստական ֆիլմ նկարահանել:
«Սրանք այն քայլերն են, որոնք հնարավորություն են տալու նոր սերնդին և ապագա սերունդներին ծանոթանալ մեր փառահեղ օպերային ձայներին»,- նշեց Ամիրյանը:
Ավագ Պետրոսյանի որդին` Արա Պետրոսյանն ընդգծեց, որ իր հայրն օպերային պատմության մեջ ուներ իր ուրույն տեղը:
«Բեմական գործունեության մեջ բազմաթիվ մեներգերով Ավագ Պետրոսյանն առաջին կատարողն է եղել: Նա երիտասարդ տարիքից կարողացել է տիրապետել վոկալ արվեստի բարձր աստիճանի: Հայրս երկար տարիներ անց է կացրել բեմում և կարողացել է իր բարձր վարկանիշը պահպանել մինչև կյանքի վերջ»,- ասաց Պետրոսյանը:
Փոստային բացիկը պատրաստվել է 50 հատ տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է դիզայներ Դավիթ Դովլաթյանը:
Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված են ՀՀ ժողովրդական արտիստ Ավագ Պետրոսյանը Սարոյի դերում և ՀՀ ժողովրդական արտիստ, սոպրանո Գոհար Գասպարյանը Անուշի դերում: Նրանք պատկերված են Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի խորապատկերին:
[gallery id= 58807]
© 2009 ARMENPRESS.am