Վերին Դվին համայնքում Հայաստանի ասորիները նշեցին Ալաբիթի տոնը

22:00, 21 Ապրիլ, 2017

 

ԱՐՏԱՇԱՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Արարատի մարզի Վերին Դվին ասորական համայնքում ապրիլի 21-ին համազգային տոն էր: Դպրոցի ողջ կոլեկտիվին, ասորական համայնքին շնորհավորելու էին եկել ՀՀ-ում ասորական համայնքի նախագահ Արսեն Միխայլովը, Վերին Դվինի հոգեւոր հովիվ հայր Նիկոդիմ Յուխանաեվը, ազգային փոքրամասնությունների եւ կրոնի վարչության ներկայացուցիչ Դավիթ Միքայելյանը, հյուրեր շրջակա դպրոցներից եւ համայնքներից: 
Դպրոցի տնօրեն Աիդա Լազարեւան, ողջունելով ներկաներին, ասաց, որ ապրիլի 21-ը ոչ միայն Վերին Դվինի, այլեւ համայն աշխարհի ասորիների մայրենի լեզվի տոնն է: Տոնն ունի իր նախապատմությունը. 2010 թվականի այս օրը Չիկագոյում /ԱՄՆ/ տպագրվեց ասորերեն բառարանի 21-րդ հատորը: Ի պատիվ բառարանի հատորի տպագրության` ապրիլի 21-ը հայտարարվել է ասորի ժողովրդի համար համազգային տոն: 
Վերին Դվինի հայ-ռուս-ասորական դպրոցում միջոցառման սկզբում դիմավորեցին ասորական դրոշը: Աշակերտները, ներկայացնելով դրոշի կանաչ, ճերմակ, արեւագույն գույների խորհուրդը, նշեցին, որ այնտեղ պատկերված է երբեմնի հզոր Ասորեստանի գտնվելու վայրը՝ Տիգրիս, Եփրատ գետերի ծաղկուն հովիտը: Նրանք խոսեցին Ասորեստանի հզոր թագավոր Սարգոնի ազգային, ռազմական, մշակութային գործունեության մասին:  Դպրոցականների երգի, ասմունքի մեջ արտահայտված էր կորուսյալ հայրենիքի կարոտը: Սակայն, աշակերտները լավատես են. նրանք հույս ունեն, որ մի օր կվերադարձնեն իրենց հարազատ Ասորեստանը: Աշակերտները խոսեցին նաեւ ասորի գրող Բենիամին Ասանիսի մասին, ով ապրել եւ ստեղծագործել է Իրանում: Նա տպագրական մեքենա է գնել, ասորերեն թարգմանել է թերթեր ու ամսագրեր, այնուհետեւ դրանք տարածել է: Հետագայում նրա գործը շարունակել են նրա զավակները՝ դառնալով գրողներ, ժուռնալիստներ, հեռուստալրագրողներ: 
Ասորերենի ուսուցչուհի Ժաննա Աբրաամովի դասարանը բեմ բարձրացավ բժշկի, ոստիկանի, հրշեջի, եւ այլ մասնագիտական հագուստներով: Նրանց համար այս տոնն անմոռանալի է: Փոքրիկներն ավարտել են Ալաբիթը՝ այբբենարանը, դարձել են գրաճանաչ: Նրանք բեմականացրին քառյակներ, հեքիաթներ: Յուրաքանչյուրը պատմեց իր ապագա մասնագիտության մասին: 
Բազմաբովանդակ միջոցառումն ընդմիջվում էր ազգային երգերով ու պարերով: 
Միջոցառման վերջում հայր Նիկոդիմ Յուխանաեվը երեք օր առաջ կայացած ասորական օլիմպիադայի հաղթողներին նվիրեց այբբենարաններ, վերնաշապիկներ՝ ասորական դրոշների դաջվածքներով, խորհրդանշական նվերներ: Աիդա Լազարեվան մատուցեց իր անակնկալը, ասմունքի մրցույթի մարզային փուլի հաղթողներին հանդիսավորությամբ հանձնեց պատվոգրեր: 
Արսեն Միխայլովը, խորապես տպավորված այդ հարուստ, յուրօրինակ միջոցառումից՝ շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Աիդա Լազարեվային, ուսուցչական անձնակազմին ամեն անգամ նման շքեղ, բազմաբովանդակ, ուսուցանող, մեկը մյուսին չնմանվող, սերունդներին եղբայրություն, բարեկամություն քարոզող միջոցառումների համար:
Ասորական համայնքի ներկայացուցիչ Բաքր Սադունյանն ասաց, որ ինքը երկար տարիների մանկավարժ է, եւ նման միջոցառման առաջին անգամ է մասնակցում: Հայր Նիկոդիմն ընդգծեց, որ մայրենի լեզվի ուսուցման վերաբերյալ այդպիսի միջոցառումներ նախատեսվում է անցկացնել նաեւ մարզի Դիմիտրով համայնքում, Արզնիում:
Լիլիթ Մաճկալյան

 


© 2009 ARMENPRESS.am