Սպասվող լրահոս. 26.04.2017

09:15, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Ն.Գ. Մոհամմադ Համիդ Անսարին կայցելի ԵՊՀ: Նա կհանդիպի բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: ԵՊՀ այցելությունից հետո Հնդկաստանի փոխնախագահը կայցելի Մատենադարան:

ԵՊՀ հրավերով Հայաստան է ժամանել Իսրայելի «Շարլոտտա» երգչախումբը, որը ելույթներ կունենա՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: Երգչախումբը իր կատարումները կներկայացնի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հետո Երևանի պետական համալսարանի մեծ դահլիճում: Երգչախմբի համերգային ծրագրում ընդգրկված են հայ և համաշխարհային կոմպոզիտորների դասական և հոգևոր երգեր:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու գործում:

Երևանում կանցկացվի Մտավոր սեփականության պաշտպանությանը նվիրված կոնֆերանս-քննարկում: Միջոցառմանը ելույթով հանդես կգա ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:

Այսօր կտրվի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն ու ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի նոր, եռամյա փուլի մեկնարկը: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և այլք կներկայացնեն մանրամասներ:

Ապրիլի 27-30-ը Երևանում անցկացվելու է «Երևան» առաջին միջազգային օպերային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում ելույթ են ունենալու աշխարհահռչակ օպերային աստղեր՝ ներկայացնելով օպերային լավագույն ստեղծագործությունները: Այսօր նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ կներկայացվեն մանրամասներ փառատոնի մասին:

Ռումինական Կլյուժ քաղաքում անցկացվեց մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը։ ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը կամփոփեն առաջնության արդյունքները և կանդրադառնան առաջիկա անելիքներին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am