«Ավրորա»-ն Հայաստանի տեղն ամրագրում է աշխարհի հումանիտար քարտեզի վրա Կարեն Կարապետյան

11:53, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեությունը Հայաստանի տեղը աշխարհի հումանիտար քարտեզի վրա ամրագրելու տեսանկյունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Կարեն Կարապետյանի գրառման մեջ ասվում է. «Ապրիլի 24-ին հայտնի դարձան 2017թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդները: Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք ծանոթանում ենք աշխարհի տարբեր ծայրերում ապրող այս հերոսների ոգեշնչող պատմություններին:

Մրցանակը և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն այս հերոսներին մեծարելուց ու նրանց պատմությունները մեզ ներկայացնելուց բացի կատարում են մի շատ կարեւոր գործ՝ Հայաստանի տեղն ամրագրում են աշխարհի հումանիտար քարտեզի վրա: Այս նախաձեռնությունը Հայաստանի միջազգայնացման ճանապարհին կարեւորագույն նախագծերից մեկն է: 

Ես ողջունում եմ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներին և թիմին, ովքեր հնարավոր են դարձնում այս ամենը: Եկե՛ք միանանք և յուրաքանչյուրս աջակցենք մարդասիրական այս շարժմանը»:


© 2009 ARMENPRESS.am