Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել

14:08, 26 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիին Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է շնորհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 26-ին ԵՊՀ-ում պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ հանդիպումից հետո Հնդկաստանի փոխնախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին որոշումն ընթերցեց ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գրիգորյանը:

Այնուհետև Գեղամ Գրիգորյանը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների անունից Հնդկաստանի փոխնախագահին նվիրեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի «Արարատ» կտավը:

Հնդկաստանի փոխնախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ում արժանացած ջերմ ընդունելության և հաճելի անակնկալի համար: Նրա խոսքով` ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանն արժանանալը իր համար մեծ պատիվ է և իրադարձություն, որը միշտ թարմ կմնա իր հիշողության մեջ: 

[gallery id= 58832]


© 2009 ARMENPRESS.am