ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Եվրոպական միության հատուկ ներկայացուցչին
18:54, 26 Ապրիլ, 2017ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը: Շեշտվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում նախորդ տարի կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հանդիպմանն անդրադարձ է արվել մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը:
© 2009 ARMENPRESS.am