Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

11:52, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում ապրիլի 24-ին մատուցվել է Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսության կարգ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը՝ եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ելույթով հանդես է եկել Շվեյցարիայում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով, հիշատակելով Շվեյցարիայի ազգային խորհրդի և Ժնևի Մեծ խորհդի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ընդգծել է ցեղասպանության միջազգային դատապարտման կարևորությունը մարդկության դեմ այդ ոճրի կանխարգելման համար։

Ելույթի ավարտին Հասմիկ Տոլմաջյանը նշել է, որ վերածնված Հայաստանը, ինչպես նաև աշխարհի հարյուրավոր քաղաքներում բազմահազար հայերի և օտարների մասնակցությամբ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառումները, վկայությունն են Անատոլ Ֆրանսի՝ դեռևս 1916 թվականին հնչեցված մարգարեական խոսքերի իրավացիության, այն է «Հայաստանը մեռնում է, բայց Հայաստանը կվերածնվի նորից․․․ Մի ժողովուրդ, որը չի ցանկանում մեռնել՝ չի մեռնում»։

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ կայացել են Շվեյցարիայի մի շարք այլ քաղաքներում ևս։ 


© 2009 ARMENPRESS.am