Իրանում պաշտոնապես հրապարակվել Է նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը

14:16, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հրապարակել Է այն թեկնածուների վերջնական ցուցակը, որոնք պայքարելու են երկրի նախագահի պաշտոնի համար: Մրցարշավի մասնակիցների թվում են՝ պետության գործող ղեկավար Հասան Ռոուհանին, արդյունաբերության եւ մշակույթի նախկին նախարարներ Մոստաֆա Հաշեմին եւ Մոստաֆա Միր-Սալիմը, Թեհրանի քաղաքագլուխ Մոհամադ Բաղեր Գալիբաֆը եւ նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիզին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Իրանի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, բարձրագույն պաշտոնի համար պայքարին մտադրվել Էին մասնակցել ռեկորդային թվով՝ 1600 թեկնածուներ, մինչդեռ Պահապանների խորհուրդն ընտրել Է նրանցից միայն վեցին: Երկրում հաստատված ավանդույթի համաձայն, նրանք բոլորը տղամարդիկ են: Հիմնական օրենքի 115-րդ հոդվածը պետության ղեկավարին ներկայացնում Է որպես «ռեջալ», ինչը կարելի Է թարգմանել ե՛ւ որպես «տղամարդ», ե՛ւ որպես «մարդ»: Պահպանողական հայացքների տեր Խորհուրդը նախընտրությունը տալիս Է առաջին մեկնաբանությանը: 
Գործող նախագահ Ռոուհանին մրցարշավի անվերապահ ֆավորիտն Է, որը միեւնույն ժամանակ վայելում Է իսլամական հոգեւորականության աջակցությունը: Իր կառավարման ընթացքում պետության ղեկավարը կարողացել Է հասնել ԵՄ-ի երկրների հետ շահավետ պարտավորագրերի կնքման, ներառյալ նաեւ երկրի համար գլխավոր համաձայնագիրը՝ 2015 թվականի պայմանագիրը, որը բերեց պատժամիջոցների մի մասի չեղարկման: Չափավոր ղեկավար համարվող Ռոուհանին Արեւմուտքում փնտրում Է տեխնոլոգիաներ, որոնց ներդրումը կարող Է ազդակ հաղորդել տնտեսական աճին, քանի որ Իրանը տառապում Է գործազրկությունից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am