ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետը պատասխանել է քաղաքացիների հեռախոսազանգերին

21:27, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գործառույթների շրջանակներում քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով՝ ապրիլի 27-ին տեղի է ունեցել հերթական «Ուղիղ կապը», որի հարցերին պատասխանում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքից, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. ««Ուղիղ կապի» ընթացքում ստացված հեռախոսազանգերի հիմնական մասը թեև ներքին անվտանգության վարչության գործառույթներին չէին վերաբերում, սակայն քաղաքացիներին տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն և հարցերն ըստ այդմ ուղղորդվել են համապատասխան գերատեսչություններ: 

Հատկանշական է, որ զանգերից և ոչ մեկը ոստիկանության գործունեության կամ ոստիկանության ծառայողների վերաբերյալ բողոքներ կամ դժգոհություններ չէր պարունակում:

Հիշեցնենք, որ «Ուղիղ կապ»-ի միջոցով քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ոստիկանության պաշտոնյաներին: Հերթական թեմայի և հարցերի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես:

Վստահեցնում ենք, որ քաղաքացիների հետ յուրաքանչյուր շփումը, ձեր առաջ քաշած հարցերը, դիտողությունները, ոստիկանության գործառույթների շրջանակում առկա այս կամ այն հարցերի վերաբերյալ ձեր մտահոգությունները, նկատառումներն ու առաջարկությունները համակողմանիորեն քննարկվում և օգնում են վերանայելու մեր աշխատանքները»:


© 2009 ARMENPRESS.am