Փաստաբանը վստահեցրել է, որ Լապշինն իրեն նորմալ է զգում

21:38, 27 Ապրիլ, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձերբակալված բլոգեր-ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Բաքվի մեկուսարանում հանդիպել է փաստաբանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում փաստաբան Էդուարդ Չերնինը նշել է, որ Լապշինն այժմ բուժում է ստանում:  

«Բուժումը շարունակվում է, նա իրեն նորմալ է զգում, առողջության վատացում չկա: Լապշինը նաև հանդիպել է քննիչի հետ և ծանոթացել քննչական նյութերին: Քննիչը նրան անհրաժեշտ հարցեր է տվել: Քննությունը դեռևս շարունակվում է, մոտակա օրերին սպասվում է դրանց ավարտը»,- ասել է փաստաբանը:

Չերնինի խոսքով` Լապշինը չի մտածում Արդարադատության նախարարության հիվանդանոց տեղափոխվելու մասին:

Վերջին շրջանում Լապշինի մոտ առաջացել էր գլխացավ և արնահոսություն:  

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա Ադրբեջանում որոնվում էր 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջել է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:


© 2009 ARMENPRESS.am