Իմ ողջ կյանքը մյուզիքլ է. Զառա Մորգան

11:04, 12 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ժամանակներս Երևանում կկայանան մյուզիքլի մանկական թատրոնի հիմնադիր, խմբավար Զառա Մորգանի «Մամա Միա», «Առյուծ արքան» և «Մոխրոտիկը» բեմականացումների առաջնախաղերը: Այս առիթով «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Զառա Վիրաբյանի (Մորգան) հետ:

-Ձեր կյանքում  մեծ տեղ է զբաղեցնում մյուզիքլը, ինչո՞ւ:

-Իմ ամբողջ կյանքը մի մեծ մյուզիքլ է: Ավարտելով կոնսերվատորիան, ինձ առաջարկեցին աշխատանք Մոսկվայի «Մարինա» սլավոնա-անգլո-ամերիկյան մասնավոր դպրոցում, որը համագործակցում էր Ալեքս Ուրբանի թատրոնի հետ: Ես համարձակ ու վստահ մտա այդ պահին ինձ համար անծանոթ մի աշխարհ, որին տիրապետեցի տասն ամսում` աշխատելով ու սովորելով միաժամանակ: Գրեթե քառորդ դար ես ոչ մի այլ բան այսչափ արհեստավարժ չեմ կարողանում:

-Մյուզիքլը, լինելով սինկրետիկ արվեստ, որն իր մեջ ներառում է` երաժշտական, դրամատիկ, խորեոգրաֆիկ, օպերային արվեստները, ինչպես նաև վարյետեյի և ոդեվիլի տարրեր, որպես հետևանք հանդիսանում է բավականաչափ ծախսատար կոմերցիոն նախագիծ, որն էլ, իր հերթին, հասու է զարգացած, սոցիալապես ապահով երկրներին: Ըստ ձեզ, Հայաստանում այն որքանո՞վ է զարգացած :

-Հայաստանում այս բնագավառը մրցակցությունից դուրս է (խնդրում եմ չշփոթել երաժշտական ներկայացումների հետ): Այդ պատճառով էլ, վերադառնալով Երևան, ես ցանկացա ցուցադրել իմ հմտությունները ոչ թե անցած տարիների լուսանկարներում ու տեսագրություններում, այլ իրական, ներկայիս աշխատանքում: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի հետ և բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի աջակցությամբ հավաքագրեցինք ցանկացողների, աշխատեցինք նրանց հետ և արդեն 8 ամիս անց խաղացինք 6 ներկայացում բուհի դահլիճում, իսկ 7-րդը` Ֆիլհարմոնիայում: Այնուամենայնիվ, իսկական մյուզիքլի արտադրությունը բավականին թանկարժեք է, և կոմերցիոն տեսանկյունից այն չի վերադարձնի ներդրումները:

- Այսինքն` չարժե՞ սպասել այս ժանրի ծաղկմանը Հայաստանում:

-Մոտակա տարիներին ոչ, քանի որ խոսքը միլիոնավոր դոլարների ներդրման մասին է: Բայց, միևնույն ժամանակ, մարդիկ հոգնել են ողբերգությունից ու պատմության մռայլ էջերից: Այս փոքրիկ երկրում գրեթե չկա տոն աչքերի համար: Երբ ամբողջ ժամանակ լեռներ ես տեսնում ու հանկարծ մի կանաչապատ տարածք, բացականչում ես «վաու», և հենց այդ հոգեվիճակն էլ մեզ պակասում է:

-Եթե մի պահ անտեսենք հարցի կոմերցիոն կողմը, ցանկալի է հասկանալ, թե որքանո՞վ է մեր երկիրը հոգեբանորեն պատրաստ «տեսարանների»` դեռ չլուծած հացի խնդիրը:

- Հիմա մեր երկիրը պատրաստ է դրան առավել, քան երբևէ: Ժամանակը եկել է: Հարկավոր են դրական էմոցիաներ, բավական է արտասուք թափել: Նրանք, ում առնչվել են պատմության տխրահռչակ էջերը, անկասկած, հիշում են դրանք, սակայն մեզ հարկավոր է բաց թողնել անցյալը: Ցանկալի է, որ Հայաստանում ավելի շատ զվարճություններ կազմակերպվեն: Հարկավոր է բարձրացնել երաժշտական մշակույթը և աշխատանքը պետք է սկսել հենց երեխաներից: Եվ այդ հարցում մեզ աջակցում են Վազգեն Ասատրյանն ու Արմեն Ամիրյանը, ովքեր հավատացին  «Գեղեցկուհին և հրեշը»  նախագծին, որի հերոսները դարձան Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները:

յուզիքլը ձեզ համար յուրօրինակ կրոն է, հավատամք ու մի աշխարհ, որից չեք ցանկանում դուրս գալ ոչ մի դեպքում: Որտեղի՞ց նման ներշնչանք:

-Ինձ սնում է նորի բացահայտման ամենօրյա անհաղթահարելի ցանկությունը: Այն օրը, երբ ասեմ, որ գիտեմ և կարող եմ ամեն ինչ, կլինի վերջինն իմ ստեղծագործական կյանքում: Ունենալով համեմատելու հնարավորություն` (Մոսկվա, ԱՄՆ, Եվրոպա), առանց ավելորդ հայրենասիրության ու ֆանատիզմի վստահեցնում եմ, հայ երեխաները տաղանդի գանձարան են, նման տաղանդներ չկան ոչ մի տեղ: Ցավոք, շատ ընտանիքներում չկան բավարար հնարավորություններ լրացուցիչ կրթության համար:

- Ո՞րն է ձեր ներշնչանքի գլխավոր աղբյուրը կյանքի այս փուլում:  

-Աշխատանքն ու ծրագրերը: 3-4 շաբաթ հետո մանկության ընկերուհուս, պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ նախատեսել ենք «Մոխրոտիկ» ներկայացման առաջնախաղը: Դա մյուզիքլ չէ, այլ երաժշտական հեքիաթ, որում ներգրավված են 3-12 տարեկան երեխաներ: Բացի ներկայացման մեջ ներգրավված լինելուց, երեխաները ուսանում են 4 առարկա. խորեոգրաֆիա, երգեցողություն, դերասանական վարպետություն և բեմական խոսք, որոնք դասավանդում եմ ամերիկյան մեթոդով` խաղի տեսքով: Ինչ վերաբերում է ծրագրերին, ապա սեպտեմբերին նախատեսում ենք մյուզիքլի դպրոց բացել, որն առաջինը կլինի հայ իրականության մեջ: Ցանկանում ենք մեկտեղել գեղասահքն ու մյուզիքլը` համագործակցելով  Իրինա Ռոդնինայի գեղասահքի դպրոցի հետ:

-Հայրենիքից երկար բացակայությունից հետո, ինչպե՞ս եք  Ձեզ զգում այստեղ:

-Ինձ համար Հայաստանը ջազ է: Ցանկացած մարդ, ով գալիս է Հայաստան, այն նմանեցնում է ջազի: Ամերիկացիներին շատ է դուր գալիս ջազը հայ երաժիշտների մատուցմամբ: Երբեք նրանք այդչափ հարգալից չեն արտահայտվել այլոց մասին ջազային մշակույթի ընկալման հարցում: 3 տարի է, ինչ Հայաստանում եմ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, որ վերադարձել եմ:

Այստեղ ապրում եմ առանց ավելորդ եռուզեռի, շտապողականության, թեև աշխատում եմ նախկին ռիթմով: Ներդաշնակության մեջ եմ գտնվում ինքս ինձ հետ:

Զառա Մորգանի ղեկավարած թատրոնը մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Նյու-Յորքում, Հյուսիսային Կարոլինայում և Կալիֆորնիայում: Նա աշխատել է Բրոդվեյի թատրոնում՝ որպես գեղարվեստական ղեկավար և տնօրեն: Ունի բազմաթիվ պարգևներ և պատվոգրեր` ՌԴ-ում և ԱՄՆ-ում ելույթների համար, Մոսկվայի Շեքսպիրյան փառատոնների բազմակի հաղթող է, մյուզիքլների «Մելպոմենա» մրցույթի Գրան պրի մրցանակակիր (Մոսկվա, 2000 թ.):

2006 թվականից աշխատելով  Մոսկվայում Մյուզիքլների մանկական թատրոնի գեղարվեստական ղեկավար` Զառան կյանքի է կոչել իր նորարարական գաղափարներն ու  բոլոր ժամանակների նվիրական երազանքը` մանկական թատրոնների բեմերում մյուզիքլների առաջմղման ծրագիրը: Իր գործունեության ընթացքում նա բեմադրել է դիսնեյան ու բրոդվեյան գրեթե բոլոր մյուզիքլները, որոնք մեծ հաջողություն են ունեցել Նահանգներում:

Արդեն 3 տարի է, ինչ Զառա Մորգանը բնակվում է Երևանում, որտեղ հիմնել է  մյուզիքլի մանկական թատրոնը: Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում գործող թատրոնի ղեկավար, բեմադրիչ-ռեժիսոր Սոնա Մարգարյանի և պրոդյուսեր Նանե Սարգսյանի հետ բեմադրել է «Գեղեցկուհին և հրեշը» մյուզիքլը:


© 2009 ARMENPRESS.am