Արաբագետը չի բացառում Հայաստանի ներգրավվածությունը սիրիական ապաէսկալացիոն գոտիներում

17:04, 13 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետ Արմեն Պետրոսյանը տեսնում է Հայաստանի հնարավորությունները սիրիական ապաէսկալացիոն գոտիներում որոշակի ներգրավվածություն ունենալու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ Ռուսաստանը ձգտում է ընդլայնել իր դաշնակիցների շրջանակը Սիրիայում: «Մինչ այս հումանիտար օգնության ոլորտում Հայաստանը ակտիվ դեր էր կատարում, այժմ չի բացառվում, որ այն անմիջական մասնակցություն ունենա Սիրիայի գործընթացներին: Չի բացառվում, որ այդ ներգրավվածությունը կարող է կապված լինել ապաէսկալացիոն գոտիներում իրականացվող աշխատանքների հետ: Այն կլինի օգնություն Ռուսաստանին և Սիրիայի եղբայրական ժողովրդին», -կարծիք հայտնեց արաբագետը։

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանը որոշակի ներկայացվածություն կունենա, բնականաբար հաշվի առնելով երկրի հնարավորությունները` սահմանափակ գործառույթներով։ Նրա դիտարկմամբ, սակայն, տվյալ պահին թիվ մեկ հարցը Ռուսաստանին քաղաքական աջակցություն ցուցաբերելն է։
Հայաստանի Հանրապետությունը նոր մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիայում տուժած բնակչությանը։ Այդ նպատակով գումար հատկացնելու նախագիծն արժանացել է կառավարության հավանությանը:


© 2009 ARMENPRESS.am