Խորհուրդը քննարկել է ՀՀ 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի հիմքում դրվելիք մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը

19:29, 16 Մայիս, 2017

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում մայիսի 16-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստում քննարկվել են Հայաստանի Հանրապետութունում 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները և հարկաբյուջետային շրջանակը: Վերջինս առաջիկա 3 տարվա համար ձևավորվելու է առավել տնտեսական աճին նպաստող շեշտադրմամբ: Մասնավորապես, եթե տարիներ շարունակ պետական բյուջեի կապիտալ ծախսերը զիջում էին պետական բյուջեի պակասուրդի մակարդակին` հիմնականում պայմանավորված լինելով արտաքին շոկերին դիմակայելու հանգամանքով, ապա միջնաժամկետ ժամանակահատվածում այն գերազանցելու է պետական բյուջեի պակասուրդի մակարդակը: Փոխարենը ընթացիկ ծախսերը հնարավորինս չափավորվելու են, և առավելապես կարևորվելու է այդ ծախսերի իրականացման արդյունավետությունը: 

Միաժամանակ, քննարկվել են նաև պետական կառավարման մարմնի գծով համապատասխան ոլորտներում ՀՀ պետական բյուջեից կատարվելիք ծախսերի ֆինանսավորման 2018-2019 թթ. ճշգրտված և 2020 թ. կողմնորոշիչ չափաքանակները:


© 2009 ARMENPRESS.am